Շիրվանզադե Ալեքսանդր՝ Արսեն Դիմաքյան | |
— Ո՛չ, Իսակ, աշխատիր ոչ ոքի հետ չթշնամանալ: Ես չեմ ուզում, հասկանում ես, չեմ ուզում, որ դու թշնամիներ ունենաս, մարդիկ կարող են քեզ վնասել:
— Ոչ ոք չէ կարող ինձ վնասել և ոչ մի թշնամուց ես չեմ վախենում: Մանավանդ ահա այսպիսիներից և սրա ընկերներից:
Դեմուդեմ հապաղ քայլերով գալիս էր Մսերյանը, ձեռները մեջքին դրած և ցրված հայացքով նայելով այս ու այն կողմ: Բարաթյանը, գդակը մի արշին վեր բարձրացնելով, գոչեց հայերեն.
— Պատիվ ունեմ:
Մսերյանը հազիվ կարողացավ հանել գլխից յուր լայնեզր գլխարկը, որ թևերը կոտրված ագռավի պես փռվել էր նրա ուսերի վրա: Մի քանի քայլ հեռանալով, նա կանգ առավ, մի փիլիսոփայական հանգիստ հայացք ձգեց զույգի հետևից, գլուխը շարժեց և արտասանեց,
«Չեմ կարծում, որ քեզ համար այժմ մեծ պատիվ լինի Մսերյաններին բարևելը»:
Եվ նույն փիլիսոփայական հանդարտությամբ շարունակեց յուր ճանապարհը:
II
Դիմաքսյանի հիվանդությունը սուր բնավորություն ստացավ: Բժիշկ Սաղամբեկյանը, տեսնելով, որ նա թոքերի բորբոքում ունե, հրավիրեց յուր արհեստակիցներից մի քանիսին կոնսիլիումի: Վճռեցին, որ հիվանդի դրությունը շատ վտանգավոր է: Նրան ժամանակավորապես փոխադրեցին հենց նույն տանտիրուհու մոտ մի ուրիշ ավելի հարմար սենյակ: Մսերյանը գիշեր ու ցերեկ չէր հեռանում նրա անկողնու մատից:
Մի քանի օր շարունակ Դիմաքսյանն այնպիսի ծանր վիճակի մեջ էր, որ Սալամբեկյանը սաստիկ վախեցավ: Մի օր նա յուր երկյուղը հայտնեց Մսերյանին, և երկուսն էլ արտասվեցին իրենց ընկերոջ մասին: Սակայն դա հիվանդության տագնապալի օրերն էին, անցան, հիվանդը նորից առողջանալու հույսեր տվեց:
Այդ միջոցին դպրոցի գործերը խառնակ դրության հասան: Հակառակորդները ուրախ էին այդ անկարգությանը: Ինյաթյանը մինչև անգամ ցանկանում էր, որ Դիմաքսյանն այլևս անկողնուց չվեր կենա, թեև արտաքուստ ցավակցություն էր հայտնում: Բայց նրա հույսերը չիրագործվեցին: Դիմաքսյանն ամիս ու կես պառկելուց հետո, վեր կացավ և փոքր առ փոքր սկսեց պարապել գործերով: Առաջին շաբաթ հակառակորդները խնայեցին նրան, չէին վրդովեցնում: Բայց անցավ այդ շաբաթը, և կրկին պատերազմը սկսվեց: Ամեն օր նա անախորժ ընդհարումներ էր ունենում, վրդովվում և հուզվում էր, նորից երես առ երես մարդկանց անարդարությանը հանդիպելով:
Այդ բոլորը, հարկավ, ազդում էին նրա առողջության վրա, որ բավական քայքայվել էր: Նա նիհարել էր, գունատվել, այտերը դուրս էին ցցվել, աչքերի շրջանակները և ականջները կիտրոնի պես դեղնել էին: Չնայելով յուր հուզվելուն, որ այժմ մարմնավոր տկարությունից էր առաջանում, հոգեպես չէին կրկնվում այն բարոյական սարսափելի տագնապները և ջղաձգությունները, որ այնքան տանջում էին նրան:
Սակայն նա չկարողացավ շատ էլ սառնարյուն լսել Բարաթյանի և Վեքիլյանի իրավասու ընտրվելու լուրը: Նա, որ ծարավ էր ամեն տեղ հասարակական կռիվների հանուն յուր համոզմունքների, նա, որ երբեք չէր բավականանում խաղաղ գործունեությունով, այժմ սկսեց նախանձել Բարաթյանի և Վեքիլյանի դիրքերին: Եթե այդ մարդիկ ստացած լինեին վաղով վարձատրվող ավելի բարձր պաշտոններ, գուցե նրանց ծաղրեր, ենթարկվեր յուր կծու հեգնությանը: Բայց տեսնել նրանց հասարակական այնպիսի պաչտոններում, ուր պետք է գործեին գործելու համար, անվարձ, պետք է ծառայեին հասարակությանն իրենց խելքի և գիտության պաշարով — այդ նրա համար անախորժ էր: Այս հանգամանքը նա մի տխուր ապացույց էր համարում այն բանի, թե հասարակությունը հողզ է պատրաստել այնպիսի գործիչների համար, որոնք այժմ նրա գաղափարական հակառակորդներն էին:
Ծանր աշխատության, համառ ջանքերի և ընդհարումների շնորհիվ նա հաջողել էր դպրոցի մեջ մտցնել կարելի փոփոխություններ: Այժմ գիշերօթիկները հագնվում էին ավելի լավ, ավելի մաքուր, ուտում էին ավելի թարմ և սննդարար կերակուրներ: Դպրոցի խարխուլ շինությունը պահվում էր օրինակելի մաքրությամբ: Հեռացած էին մի քանի կոպիտ, ծույլ և պղերգ վերակացուներ: Աշակերտները վայելում էին ավելի ազատություն: Նրանց մշտական թախծալի և մռայլ դեմքերի վրա երևում էին զվարթություն, ժպիտ և ծիծաղ: Չկար այլևս առաջվա վախը ուսուցիչներից և վերակացուներից: Կար միայն սեր և հարգանք: Խստությանը փոխարինել էր խելացի, գիտակցական, մարդավարի հարաբերությունը: Աշակերտները պարապվում էին ավելի եռանդով, ավելի սիրով և ավելի հաջող: Նրանք գոհ էին իրենց վիճակից և հասկանում էին, թե ումն են պարտական այդ փոփոխությունով: Դիմաքսյանին նրանք հարգում էին և սիրում ինչպես իրենց հազվագյուտ հովանավորին և պաշտպանին: Եվ ոչ ոք չէր կարող այդ պաշտպանի մասին մի վատ խոսք ասել, ոչ ոք իրավունք չուներ նրա անունն արտասանել առանց հարգանքի, եթե չէր կամենում ենթարկվել ծաղրի, ատելության, այո , մինչև անգամ հալածանքի:
Մինչ այս մինչ այն՝ ձմեռն անցավ՝ Դիմաքսյանը բոլորովին կազդուրվեց, և դարձյալ զգում էր գործելու, պատերազմելու, հարվածելու և հարվածներ ստանալու անսահման եռանդ: Բայց հասավ գարունը, և նրա մեջ անսպասելի կերպով տեղի ունեցավ մի տարօրինակ հեղափոխություն: Նրա եռանդը սկսեց թուլանալ, բարոյական ուժերը տկարացան, նրան տիրեց մի ինչ-որ ծանր, ճնշող թախիծ: Կյանքը նրա համար առաջին անգամ թվաց տաղտկալի յուր բոլոր աղմուկներով և իրարանցումներով: Այժմ նա թե՛ դպրոցում և թե՛ տանը պարապվում էր ակամա: Ոչ մի միտք, ոչ մի նվիրական գաղափար առաջվա չափ նրան չէր գրավում: Նրա հոգին ձգտում էր դեպի մենություն: Նա ուզում էր առանձնանալ մարդկանցից և անձնատուր լինել յուր մելամաղձիկ, անորոշ մտախոհություններին: Ավարտելով դասերը դպրոցում, նա կամենում էր հանգստանալ — չէր կարողանում, փորձում էր կարդալ ու գրել — անաջող Նա դուրս էր գալիս տնից և թափառում դեսուդեն, ինչպես թանկագին, անփոխարինելի կորուստ կրած մի մարդ, որ ոչ մի տեղ հանգստություն չէ գտնում: Երբեմն նա գնում էր որևէ այգի, մտնում էր նեղ ճեմելիքները: Կար մի դառն, բայց, միևնույն ժամանակ, ախորժելի բան այդ առանձնության մեջ:
Ժամերով նա դիտում էր արեգակի ճառագայթների ուրախ խաղը ծառերի նորաբողբոջ տերևների հետ, ականջ էր դնում օդի հանդարտ շշուկին, թռչունների ուրախ ծլվլոցներին: Նա պառկում էր նորաբույս դալար խոտի մեջ, խոնավ գետնի վրա, երեսը դեպի վեր և աչքերով հետևում գարնանային կապույտ երկնակամարում նազելի և հպարտ կերպով սահող ամպերին: Թեթև, հեշտաշունչ, նոսր օդը լեռնային մաքուր զեփյուռի պես թափանցում էր մինչև նրա ոսկորների խորքը: Թևատարած ուրուրները սլանում էին անհուն բարձրության վրա սևորակ ամպի փոքրիկ բեկորների պես: Եվ նրանց երկսայր ստվերները մեղմիկ և արագ սահում էին գետերի մակերևույթով, լեռների կրծքով, անտառների գագաթներով, դաշտերի և մարգերի վրա:
Սովորաբար նա նստում էր գետի ափից ոչ հեռու մի վիթխարի կաղամախի տակ: Եվ այստեղ դառն ու ախորժելի զգացումը ավելի սաստիկ էր համակում նրա սիրտը: Մոռացվում էր իրականը, միտքն ակամա, ինքնըստինքյան սլանում էր դեպի երկնքի խորությունը: Թևավոր թագուհիների եթերային բարձրությունը, հեռավոր ամպերի վսեմ ընթացքը, տիեզերքի անհուն, անհասանելի ծավալն ընդլայնում էին նրա երևակայության հորիզոնը: Նրա իմացականությունը թռչում էր բարձր, քան որուրները, հեռու, քան ամպերը, արագ, քան արևի լույսը, և այն տգեղից դիտում դեպի վեր երկինքը, դեպի վայր երկիրը:
Մերթ ընդ մերթ մի աններդաշնակ աղմուկ, մի կոպիտ ձայն ընդհատում էր նրա մտածմունքների թելը և նրա ուշը գրավում դեպի յուր շուրջը: Դա զբոսնող մարդկանց ձայներն էին, մի երեխայի ուրախ ճիչ — անախորժ, մի պառավ դայակի բարկացկոտ ձայն — ավելի վատ, կամ մի երիտասարդ մոր զվարթ քրքիջ — նույնքան տաղտկալի:
Նա երեսն իսկույն դարձնում էր և դարձյալ նայում դեպի վեր: Այնտեղ շարունակ սլանում էին ուրուրները, սուր աչքերով ցածում որսեր որոնելով: Ծառերի խիտ ճյուղերի մեջ թաքնված– ճնճղուկներն անընդհատ ծլվլում էին, ինչպես լարված մեքենայիկներ: Գետի հանդարտ հոսանքը թմրեցուցիչ օդի մեջ տարածում էր մեղմ շշուկ, քաղցր մեղեդիով օրորելով մարդկային լսելիքը: Արևի հեշտալի պայծառ շողքերը գետափի պարզ ճահիճների կանաչագույն մակերևույթի վրա գոյացնում էին բյուրավոր ադամանդներ:
Նա ուզում էր նիրհել: Նիրհել բնության ծոցում, հեռու մարդկանց իրարանցումից, հեռու աշխարհի ապականված աղիքներից: Հեռու նույնիսկ յուր հոգու այն տարրերից, որ քսանութամյա գոյության ընթացքում անխախտելի կապ էին հաստատել նրա և մարդկության մեջ: Սակայն նրա սիրտն անդորր չէ: Այնտեղ բարձրացել է մի նոր ալեկոծություն, հոգին խռովված է, միտքը շփոթված: Եվ նա հառաչելով դառն մելամաղձությամբ արտասանում է.
«Ա՛ խ՛, որքան տխուր է առանց սիրո ապրելը...»:
III
Պյոտր Սոլոմոնիչյը հիացած էր յուր պրոտեժեներով: Չէր անցել չոքս ամիս, երիտասարդ իրավասուները արդեն ցույց էին տալիս, թե որքան հասկանում են իրանց պաշտոնի բարձրությունը: Ամեն մի նիստին նոր հարցեր էին զարթեցնում, գրգռելով հին իրավասուներին և ուրախացնելով նորերին, որոնց ամենաճարտար օրգանը Բարաթյանն էր:
Գայանեն ամեն երկուշաբթի երեկո այցելում էր Դումայի նիստերը և հրճվանքով լսում յուր ամուսնու ճառերը: Բարաթյանը խոսում էր հանգիստ հոգով, անվրդով, առանց շեղվելու և շփոթվելու, ինչպես մի փորձառու հռետոր: Երբեմն նա յուր ճառը համեմում էր սրամիտ դարձվածներով, որով պակաս հաճություն չէր պատճառում լսողներին: Կարճ ժամանակում նա դարձավ շատերի սիրելին, հարկելի դիրք բռնելով իրավասուների շարքում: Նրան ընտրեցին մի քանի մասնաժողովների անդամ:
Նա թողել էր կրակից ապահովող ընկերության գործակալի պաշտոնը: Դա նրա համար մի մեծ նյութական կորուստ չէր այժմ: Հայրը տալիս էր նրա տնային ծախսերը: Կնոջ կալվածներից ստացվող եկամուտը ծածկում էր նրա մյուս ծախսերը, և նա ապրում էր այնքան ապահով, որ փողի համար ծառայելու կարիք չուներ: Բայց որպեսզի ձրիակեր որդու և պարազիտ ամուսնու հռչակ չվայելի, նա գնեց մի նշանավոր արդյունաբերական տան մի քանի բաժնետոմսեր: Միևնույն ժամանակ, սուր աչքերով դիտում էր, թե որտեղ կարելի է մի արդյունավոր և քիչ աշխատություն պահանջող պաշտոն գտնել, ոչ այնքան փողի, որքան յուր դիրքը ավելի ամրացնելու համար:
Այսպես թե այնպես, այժմ նա վարում էր հանգիստ, բախտավոր և գործունյա քաղաքացու կյանք: Առավոտը զարթնում էր տասը ժամին, աչքի էր անցկացնում տեղական լրագիրները: Գայանեի հետ զվարճախոսելով թեյ էր խմում, հետո առանձնանում յուր սենյակը պարապվելու: Նա գրում էր ֆինանսական-տնտեսական մի շարադրություն քաղաքային գործերի մասին: Տասներկու ժամին նա նախաճաշում էր և տնից դուրս գալիս: Ճաշում էր նա երեկոյան հինգ ժամին կամ ավելի ուշ — ֆրանսիական ձևով: Այնուհետև մի փոքր հանգստանում էր: Հետո եթե նիստ ուներ — գնում էր, եթե ոչ — Գայանեի հետ այցելում էր թատրոն կամ մի ուրիշ տեղ: Երբեմն նա երեկոյան տնից դուրս էր գալիս մենակ և վերադառնում էր ուշ գիշերին: Այդ ժամանակ Գայանեն անհանգիստ սպասում էր նրա վերադարձին, նստած լուսամուտի մոտ, ականջները լարած սպասելով կառքի ձայնին:
Ներս էր մտնում Բարաթյանը մերթ ուրախ ու զվարթ և մերթ մտազբաղ դեմքով: Գայանեն նայում էր նրա աչքերին, միշտ աշխատելով այնտեղ կարդալ նրա հոգեկան տրամադրությունը: Այս սովորույթը հաճախ բարկացնում էր Բարաթյանին, և նա մեղմիկ, բարեկամաբար հանդիմանում էր կնոջը: Գայանեն գլուխը թեքում էր կրծքին և լռում: Նրա հոգու խորքում կրկին զարթնել էր վաղուց մոռացված, վաղուց խեղդված չար կասկածը: Նա զգում էր ակամա անհանգստություն: Միմյանց հետևից նրա գլխում հղանում էին զանազան մտքեր, մեկը մյուսից վատ, ատելի և գարշելի: Նա ինքը զզվում էր այն մտքերից. և աշխատում էր խույս տալ նրանցից, ինչպես մի չարագուշակ երևույթից, որ սպառնում էր խլել նրա հոգեկան անդորր երջանկությունը, բայց չէր հաջողվում: Միշտ այդ մտքերը հետևում էին նրան ուր և լիներ, ինչ և աներ:
Բարաթյանի սուր աչքերից, հարկավ, չէր կարող խուսափել այս փոփոխությունը: Երբեմն նա հասարակ, անփույթ կերպով հարցնում էր.
— Դու անհանգիստ ես, Գայանե:
— Ո՜չ:
— Ինչո՞ւ ես այդպես մտիկ անում ինձ և հառաչում:
Գայանեն կամ մի կերպ խույս էր տալիս պատասխանից, կամ բռնի կերպով ծիծաղում էր և փաթաթվում ամուսնու պարանոցին: Կեղծիքը և արվեստականությունը այնքան պարզ էին, որ աննկատելի չէին կարող մնալ Բարաթյանի համար: Մի գիշեր Բարաթյանը տուն վերադառնալով, տեսավ, որ Գայանեն լալիս է: Այդ առաջին տխուր արցունքն էր, որ նա տեսնում էր կնոջ աչքերի մեջ:
— Ի՞նչ է պատահել:
— Ոչինչ:
— Դու էլի հուզվա՞ծ էիր:
— Այո՜:
Բարաթյանը մեջքից թեքվեց, համբուրեց նրան արտասաներով.
— Գուցե նրանիցն է:
— Այո ... չգիտեմ... կարող է լինել...
Եվ երկուսն էլ խորհրդավոր կերպով նայեցին միմյանց երեսին, երկուսն էլ լռեցին:
Այնուհետև Բարաթյանը հաճախ նրան տեսնում էր արտասվելիս: Նա միշտ պատճառը վերագրում էր կնոջ «բնական դրությանը», աշխատելով մոռանալ ուրիշ, ավելի կարևոր, ավելի հիմնական պատճառներ: Նա ճգնում էր Գայանեին զվարճացնել սրախոսություններով: Նա պատմում էր ծիծաղաշարժ դեպքեր Դումայի նիստերից, ներկայացնում էր այս կամ այն իրավասվին, ինչպես մի տաղանդավոր դերասան:
Նրա կոմիկական ձևերը Գայանեին չէին դուր գալիս, որքան ևս ծիծաղելի և զվարճալի լինեին: Կինը ցանկանում էր, որ ամուսինը ավելի ծանրաբարո լինի, ավելի լուրջ, ինչպես վայել էր նրա դիրքին և հասակին: Բայց և այնպես այդ միջոցներին նա երջանիկ էր, որովհետև ամուսնու հետ էր: Իսկ հետո...երբ Իսակը դուրս էր գալիս տնից, երբ մնում էր մենակ, սկսվում էին տխուր, անտանելի ժամերը: Նրա սրտում նորից բարձրանում էր սաստիկ ալեկոծություն:
Ինչե՛ր չէր երևակայում, ի՛նչ սարսափելի տեսարաններ չէին ներկայանում նրան: Թվում էր նրան, որ Իսակը այժմ նրան չի սիրում, ձանձրացել է բոլորովին... Այժմ, ավելի քան երբեք, նա խույս էր տալիս ազգականներից: Այցելողներին ընդունում էր ուրախությամբ, իսկ ինքը ոչ մի տեղ չէր ցանկանում գնալ:
Երբեմն նրա մոտ գալիս էր տիկին Բախտամյանը և ամեն անգամ հանդիմանում էր, թե սառել է դեպի յուր ամենամոտիկ ազգականները, որ «աչքի լուսի պես են սիրում նրան»: .
— Այդպես շուտ գոռոզացա՞ր, — ասաց մի անգամ տիկինը:
— Ես չեմ գոռոզացել:
— Ուրեմն, ինչո՞ւ չես գալիս: — Հասկանում եմ, հասկանում եմ, մարդդ չի թողնում: Նա չի ուզում քեզանից բաժանվել, այնքան սիրում է քեզ: Գիտե՞ս, Գայանե, ես շատ ուրախ եմ, որ այդպիսի ամուսին ճարեցիր: Իսակը օրինակելի մարդ է, նա քեզ պաշտում է, նա հոգին չի խնայիլ քեզ համար: Ուրախացի՜ր, ուրախացի՜ր, որ այդպիսի ամուսին ունես, դա երկնային երջանկություն է:
Գայանեն ոչինչ չպատասխանեց: Տիկնոջ խոսքերի մեջ նա զգում էր նուրբ, հազիվ ըմբռնելի հեգնություն, որ կծու կերպով շոշափում էր նրա զգայուն սիրտը: Հանկարծ նրանց աչքերը հանդիպեցին միմյանց, և, ինչպես երկու միմյանց հերքող հակատարրեր, իսկույն արագությամբ խույս տվեցին իրարու:
Տիկին Բախտամյանը նկատելի կերպով շփոթվեց, բայց նույն վայրկյանին զսպեց իրան: Գայանեն սրտում զգաց անտանելի ատելություն և երկյուղ դեպի այդ կինը: Կարծես, նրա առջև նստած էր մի ոխերիմ թշնամի, մի վտանգավոր, սարսափելի թշնամի, որ յուր քնքուշ բարեկամական ձևերի տակ թաքցրած էր կորստաբեր ձգտում: Նա պատրաստ էր հենց իսկույն, նույն վայրկյանին ցույց տալ դռները կամ մի թունավոր խոսքով վիրավորել նրան: Բայց ինչո՞ւ, ի՞նչ փաստի հիման վրա, ի՞նչ մի շոշափելի արարքից դրդված...
Երկյուղը, կասկածը և ամոթխածությունը կաշկանդեց նրան: Նա աշխատեց խեղդել յուր սրտի մեջ բռնկված թշնամական զգացումը:
Իսկ տիկին Բախտամյանն արդեն իշխել էր ինքն իրան: Այժմ նա հանգիստ խոսում էր առօրյա բաների մասին, և այնպես, որ, կարծես, ոչինչ չէր տեսնում կամ զգում: Նա մինչև անգամ ուշադրություն չէր դարձնում Գայանեի լռության վրա, որ ուրիշ անգամ կարող էր վիրավորել նրան մինչև հոգու խորքը: Նա հանդարտ վեր կացավ և, ամուր սեղմելով Գայանեի ձեռքը, դիմեց դեպի դռները: Գայանեի մարմնով անցավ տարօրինակ սարսուռ, երբ յուր ձեռքը զգաց նրա ձեռի մեջ. մի սարսուռ, որ մարդ կարող է զգալ, երբ նրա մարմնին հանկարծակի դիպչում է խոնավ, պաղ և թունավոր սողուն: ճանապարհ դնելով Բախտամյանին, նա անցավ յուր ննջարանը, գլուխը դրեց բարձին և ձեռներով ամուր բռնեց գլուխը :
«Մի՞թե ես չեմ սխալվում, մի՞թե ես չեմ սխալվում», կրկնում էր նա, ավելի ու ավելի սեղմելով գլուխը:
Հետզհետե նա դառնում էր զգայուն, դյուրագրգիռ: Երբեմն ցույց էր տալիս կապրիզներ՝ նույնիսկ ուտել-խմելու վերաբերմամբ: Մերթ նա պահանջում էր մի որևէ տարաժամ պտուղ, որ անհնարին էր գտնել, մերթ ուտում էր այնպիսի բաներ, որ ուղղակի վնասակար էին:
Ամուսինը, այդ կապրիզները տանելով, երբեք չէր վրդովվում, երբեք չէր բողոքում, որովհետև գիտեր «բնական» պատճառը: Բայց, կատարելով կնոջ պահանջները, երբեմն այնպիսի խոնարհ և հեզ դեմք էր ցույց տալիս, որ տեսնողը կարող էր կարծել, թե նա մի տեսակ կամավոր նահատակ է քմահաճո կնոջ ձեռքում: Դա մի ինքնուրույն խելացի միջոց էր Գայանեի սրտից որոշ կասկածներ հեռացնելու համար... Ամբողջ օրը նորատի տիկինը յուր ձեռքով կտրում էր, ձևում ու կարում փոքրիկ, մանկական գլխոցներ, շապիկներ ու սավաններ: Պահարանը արդեն լցվել էր, բայց նա չէր դադարում նորերը կտրելուց, և ամեն բան ուզում էր ինքը աներ: Այդ զբաղմունքը նրան պատճառում էր անսովոր հաճություն: Երբ ծալում էր և յուր գեվեցիկ մատներով հարթում մի թզաչափ շապիկները, նրա երեսի վրա խաղում էր մի հանդարտ, անդորր ժպիտ: Նրա միտքը սլանում էր հեռու, երևակայությունը կենդանի պատկերացնում էր այն փոքրիկ արարածին, որի քնքուշ, փխրուն մարմնիկը պետք է ծածկվեր այդ ճերմակեվենով: Արդյոք ո՞ւմ կնմանի — հո՞րը, թե՞ մորը, բաց-կինամոնագույն աչքերով կլինի, թե՞ կապույտ աչքերով: Այդ միջոցներին պատահում էր, որ նա հանկարծ գլուխը բարձրացնում էր և ձեռը դնում կրծքի վրա: Նա գունատվում էր, շրթունքները մեղմիկ ցնցվում էին և աչքների մեջ ցոլանում էր երջանկության հետ և սարսափը: Հետո, ծանր շունչ քաշելով, մելամաղձիկ ու երկյուղած դեմքով նստում էր անկողնի վրա: Աչքերը լցվում էին արցունքով, և նա հանդարտ ու կամացուկ լալիս էր, ինչպես առավոտները ցողում է գարնանային ամպամած և խաղաղ երկինքը: Եվ որքան մոտանում էր տագնապալի օրը, այնքան ավելի Գայանեն դառնում էր զգայուն, փափկասիրտ, այնքան նրա քմահաճությունները ավելանում Էին: Մի անգամ ամուսնուց պահանջեց, որ նա տնից չդուրս գա, միշտ, առավոտ-երեկո, նստի յուր մոտ:
— Դու կատա՞կ ես անում, Գայանե, — հարցրեց Բարաթյանը զարմացած:
— Ես կատակ չեմ անում, լուրջ եմ ասում, դու միշտ պետք է իմ մոտ լինես, միշտ...
— Ինչո՞ւ:
— Ես այսպես եմ ուզում:
— Շատ լավ, ես բախտավոր կլինեի մի վայրկյան անգամ չհեռանալ քեզանից, բայց գործերս ո՞վ կկատարի:
— Ես չգիտեմ, ինչ ուզում ես արա: Դու գործ չունես, ինձ խաբում ես, դու ազատ ես, չեմ ուզում, որ դու ինձանից հեռանաս: Վախենում եմ, ինքս ինձանից սարսափում եմ: Ինձ անպատճառ մի վատ բան պետք է պատահի:
— Պատահվելու է այն, ինչ որ բնականաբար պետք է պատահի: Դու առաջինը չես և ոչ էլ վերջինը, մի վախենա, սիրելիս, ամեն բան հաջող կանցնի:
Եվ մի քնքուշ, սիրալիր, ջերմ համբույր քաղեց Գայանեի գունատ այտից:
— Ոչ, ինձ խոսքով մի մխիթարիր, գործով ցույց տուր, որ սիրում ես: Սիրտս դողում է, երբ մենակ եմ մնում: «Նրանից» չէ, հասկացի՜ր, ուրիշ բան է, ուրիշ բան...
— Ուրիշ բա՞ն...
— Այո , դու., դու., ինձ չես սիրում, դու ինձանից փախչում ես, իհարկե, ես տգեղացել եմ, օ՛օ, ես գիտեմ, դու լավ մարդ չես:
Եվ նա սկսեց հեկեկալ:
— Գայանե , դու ջղային ես, տկար ես, իհարկե, այդ հասկանալի է: Բայց իզուր ես ինքդ քեզ հուզում, այդ վտանգավոր է, քեզ հանգստություն է հարկավոր:
— Հարկավոր է, ուրեմն թող ինձ, որ հանգիստ լինեմ: Ասա , որ դու ինձ սիրում ես...
— Իհարկե, սիրում եմ, միթե դա նորություն է, որ ասեմ:
— Ուրեմն քո աչքը ուրիշի վրա չէ՞, իմ տգեղությունը... այ, տեսնո՞ւմ ես, ինչպես փոխվել եմ... քեզ չեմ զզվեցնում: Այնպես չէ՞, ասա, ե՞ս եմ միայն քոնը, դու ի՞նձ ես պատկանում հոգով ու սրտով:
— Քեզ և միմիայն քեզ եմ պատկանում:
— Եվ հավիտյան ի՞մը պետք է լինես:
— Հավիտյան քոնը և այն փոքրիկինը:
— Փոքրիկը... Ախ, ես ինչ հիմար եմ, ճշմարիտ է, դու նրան չես թողնիր դու նրա մորը չես զոհիլ մի ուրիշին: Համբուրի՜ ր ինձ, համբուրի՜ ր...
Այս տեսարանը կրկնվում էր գրեթե երկու-երեք օրը մի անգամ պես-պես փոփոխություններով:
Վերջապես Բարաթյանը սկսեց ձանձրանալ կնոջ կասկածներից, նախանձից և կապրիզներից: Մի օր, երեսը արտասվող Գայանեից դարձնելով, արտասանեց:
«Օ՛հ, ի՛նչ տաղտկալի է կնոջ չափազանց սերը...»:
IV
Նույն միջոցներին Պյոտր Սոլոմոնիչը զարմացած էր մի բանի վրա. արդեն Գայանեն բավական ժամանակ էր չէր այցելում յուր քեռիին, այնինչ նրա ամուսինը ճիշտ շաբաթը երկու անգամ ներկայանում էր պատկառելի քաղաքացիին: Նա պատճառը հարցնում էր կնոջից և մի դրական պատասխան չէր ստանում:
— Աստված գիտե ինչու չէ գալիս, երևի մադամ է դարձել, փքվել է, — ասում էր տիկին Բախտամյանը:
Պյոտր Սոլոմոնիչը հարցնում էր Բարաթյանից: Սա նույն անորոշ պատասխաններն էր տալիս, «ժամանակ չունե, տկար է, «անհարմար» է համարում տնից դուրս գալ: Հարկավ, այդ բոլորը Պյոտր Սոլոմոնիչին չէին գոհացնում: Նա գուշակում էր, թե կա, անշուշտ, մի ուրիշ, ավելի հիմնավոր, պատճառ: Նա տեսնում էր, որ յուր կինն էլ մի առանձին ցանկություն չէ հայտնում Գայանեին տեսնելու, թեև արտաքուստ տրտնջում է նրա չգալու դեմ:
— Ինձ այնպես է թվում, որ ձեր միջով սև կատու է անցել, — ասաց, վերջապես, մի անգամ ծերունին:
Տիկինը քմծիծաղ տվեց: Ինչո՞ւ պիտի սև կատու անցներ, ի՞նչ հաշիվ ունի նա Գայանեի հետ այսուհետև:
— Ես պարտքս կատարեցի, վերջացրի, խոմ չեմ կարող էլի նրա համար մայրություն անել:
«Մայրություն» բառը տիկինը այնպես գրգռված, այնպիսի զզվանքով արտասանեց, որ, կարծես, խոսքը աղախին լինելու մասին լիներ:
Հարցը մնում էր հարց, և Պյոտր Սոլոմոնիչը, ուսերը վեր քաշելով, չէր կարողանում հասկանալ կնոջ սառնության պատճառը: Մի օր նա իրիկնադեմին կլուբից վերադարձավ սովորականից շատ վաղ: Նա չափազանց վրդովված էր և ինքն իրան խոսում էր: Նրա երեսին գույն չկար, իսկ աչքերի մեջ փայլում էր անսովոր բարկություն: Նախասենյակում նա, առանց որևէ պատճառի, գոռաց սպասավորի վրա, որ մոտենում էր նրա վերարկուն հանելու: Նա մտավ ուղիղ հյուրասենյակ: Օվսաննան Լիզոչկայի և Էլեչկայի հետ պարապում էր:
— Ի՞նչ եք անում այստեղ, չե՞ք կարող ձեր սենյակում խաղալ: Օվսաննան վիրավորված ոտքի կանգնեց: Մանկահասակ քույրերը ապշած նայեցին իրանց հորը, որին հազիվ թե երբևէ այդպես չարացած տեսած լինեին:
— Ո՞ւր է ձեր մայրը, — գոչեց ծերունին:
Էլչեչկան ցուցամատը բերանին դրած, մյուս ձեռը մեկնեց դեպի աջ:
Պյոտր Սոլոմոնիչը անհապաղ անցավ կից սենյակը: Տիկինը սովորական զբոսանքից նոր վերադարձել էր և հագուստը փոխում էր: Լսելով ամուսնու քայլերի ձայնը, նա ուզեց հանդիմանել, որ առանց նախազգուշացնելու համարձակվում էր ներս մտնել: Նա հետևում էր արիստոկրատ տիկինների օրինակին, մարդուն թույլ չէր տալիս շատ էլ համարձակ վարվել, այսինքն ուզած ժամանակը մտնել նրա սենյակը: Բայց երբ նայեց նրա այլայլված դեմքին, ապշեց: Նրա ձեռները մնացին կրծքի կոճակների վրա:
Պյոտր Սոլոմոնիչը կանգնեց նրա դեմուդեմ, նայեց նրան ոտից մինչև գլուխ և դառն ծիծաղով արտասանեց.
— Գեղեցկուհին, ինչպես երևում է, նոր է վերադարձել:
— Ի՞նչ է պատահել, Պետյա:
«Պետյա» կամ «Պետկա» նա կոչում էր ծերունի Պետրոսին այն ժամանակ, երբ փաղաքշանքով խոսելու կարիք էր լինում:
— Ինչ է պատահե՞լ... աստված ինձ բախտավորեցրել է:
— Ես չեմ հասկանում:
— Օօօ՛, դու շատ լավ ես հասկանում, — մռնչաց Պյոտր Սոլոմյևիչը, ատամները չարաչար կրճտելով:
— Խելագարվել ես, ի՞նչ է:
— Իհարկե, խելագարվել եմ, ծերացել եմ, այստեղս դրուստ չէ, մազերս — բամբակ, ինքս ուժից ընկած, թողացած, տգեղացած, իսկ դու, դու, դու...
Նա շնչասպառ մի քայլ առաջ դրեց: Նա դողում էր ոտից մինչև գլուխ: Նա խոսք չէր գտնում սրտի կատաղությունը միանգամից արտահայտելու: Տիկինը, ուսերը թոթվելով, կրկնեց, թե ոչինչ և ոչինչ չէ հասկանտւմ և շարունակեց կրծքի կոճակները կապել: Բայց նա մասամբ կեղծում էր: Եթե ամեն բան չէր հասկացել, գոնե գուշակում էր գործի էությունը: Նա զգաց, որ կատակի ժամանակ չէ, որ, վերջապես, սկսվում է վաղուց սպասված փոթորիկը: Միայն կամենում էր ժամանակ որսալ, ուշ ու միտքը ժողովել, պաշտպանվելու փաստեր և միջոցներ գտնել: Այնինչ՝ Պյոտր Սոլոմոնիչը, բռունցքները սեղմած, մի քայլ ևս առաջ դրեց և խեղդված ձայնով գոռաց.
— Անամո՜ թ, խաբեբա՜:
Տիկինը հետ ու հետ քաշվեց, նայեց նրան ոտից մինչև գլուխ, ցույց տալով միաժամանակ և զարմանք, և բարկություն, և վիրավորանք, և արհամարհանք: Թվում էր, որ նա խոսք չէ գտնում պատասխանելու ամուսնու չտեսնված, ասված, կոշտ, կոպիտ և վայրենի խոսքերին:
Փոթորիկի առաջին պտույտը անցել էր: Ամենածանր խոսքը արտասանվել էր: Պյոտր Սոլոմոնիչը, բռունցքները թաց արավ և շարունակեց մի քիչ հանդարտ եղանակով: Նա ասաց, թե գիտե յուր կնոջ նմանների սովորությունը: Այո՜, տիկինը կզարմանա կեղծ կերպով, կգոռա, լաց էլ կլինի, կերգվի էլ, բայց նրա համար միևնույնն է, ճշմարիտ է թե սուտ, անում է տիկինը թե չէ, բավական է, որ մարդիկ խոսում են, բավական է, որ Պյոտր Սոլոմոնիչը լսում է:
— Ախար ի՞նչ ես լսում, ի՞նչ:
— Չգիտես հաա՞, խեղճ, ողորմելի, անմեղ կնիկ:
— Ո՞վ է խոսում, ի՞նչ են խոսում, ասա էլի, ասա , որ ես էլ իմանամ:
— Ինձ համար միևնույնն է, ով որ էլ խոսի... Տեր աստված, տեր աստված, այն էլ... հաա , հիմա եմ հասկանում, թե ինչու սիրտս չէր կպչում, ինչու ատում էի...
Այստեղ տիկինը հասկացավ մնացյալը, որ դեռ նրա համար կասկածելի էր: Բայց նա արդեն ուշքի էր եկել և իշխում էր իրան լիովին: Այժմ եթե Պյոտր Սոլոմոնիչը մարմնացած վրեժ դառնար, դարձյալ չէր կարող սոսկալի լինլ նրա համար:
Անշարժ, անվրդով նա կանգնած էր մարդու առջև և խրոխտ կերպով նայում էր մերթ նրա նորից սեղմված բռունցքներին, մերթ կատաղի աչքերին:
— Զարմանում եմ, — արտասանեց նա հանդարտ եղանակով, մինչև անգամ քմծիծաղ տալով, — զարմանում եմ, որ չեք խփում: Խփեցեք էլի, ինչո՞ւ եք սպասում, ես պատրաստ եմ ամեն տեսակ վիրավորանք ստանալ: Վերջացրեք, քանի որ սկսել եք, ես սպասում եմ:
— Ուրեմն ճշմարի՞տ է, ասա , անպատկառ, ճշմարի՞տ է:
Տիկինը խորին հանդիմանությամբ և զզվանքով գլուխը երերեց: Ապա հանկարծ նրա դեմքը ընդունեց հպարտ արտահայտություն: Նա հոնքերը վեր քաշեց, գլուխը բարձրացրեց և, ուսի վրայով ծուռ նայելով մարդու երեսին, ասաց, եթե նա կշարունակե այնպես մոռանալ ինքն իրան, եթե մարդավարի չի խոսիլ, այս րոպեին դուրս կգնա և այլևս չի վերադառնալ:
— Գնա , գնա էլի, կորիր այնպես, որ փոշիդ էլ չմնա իմ տանը:
Տիկինը բարձրաձայն ծիծաղեց: Ի՛նչ զվարճալի բան, նրան արտաքսում է մարդը, շատ լավ, շատ գեղեցիկ, նա կգնա, իսկույն, հենց այս րոպեիս: Բայց հասարակության առաջ նրա պատվի մասին պատասխանատու կլինի Պյոտր Սոլոմոնիչը: Ուրեմն տերը նրա հետ:
Եվ տիկինը մի քանի քայլ արեց դեպի դռները, խրոխտ, հաստատ և անշեղ քայլեր:
Պյոտր Սոլոմոնիչը կարծեց, թե նա կարող է գնալ, կգնա և, իրավ, երբեք չի գալ: Նա յուր ճակատը շփեց և, ծանր հառաչելով, նայեց նրա հետևից:
— Կաց, — ասաց հանկարծ, — կաց, ասելիքս ասեմ, հետո գնա ուր որ ուզում ես: Կանգնի՜ր, ասում եմ, կարող է պատահել, որ ես... այո , ինչ գիտեմ, խելքս կորցրել եմ...
Տիկինը, ձեռր դռան բանալիի վրա դնելով, կանգ առավ և հպարտությամբ նայեց նրան:
— Ես պահանջում եմ, որ դու բացատրություն տաս հենց այս րոպեիս, — շարունակեց Պյոտր Սոլոմոնիչը:
— Ես պահանջներ չեմ կատարում:
Նա առաջ եկավ և սկսեց ինչ-որ որոնել յուր տուալետի սեղանի վրա, շարունակելով.
— Պահանջում եմ, կարծես, ես ստրուկ եմ կամ աղախին: Դուք միայն կարող եք խնդրել, այն էլ խաղաղ կերպով, մարդավարի: Կպատասխանեմ, ինչու չէ, ես պատասխանելուց չեմ վախենում:
Նա գտավ մի արկղիկ և սկսեց արագ-արագ մատներով խառնել նրա մեջ, միևնույն ժամանակ, շունչը կտրված արտասանելով.
— Ներս է մտնում և գժի պես գոռում, եթե ես մի վախկոտ կնիկ լինեի, պետք է տեղնուտեղը սարսափից մեռնեի:
— Իսկ եթե իմ տեղը մի ուրիշը լիներ, նա, առանց գոռալու, քեզ տեղնուտեղը կսպաներ, որովհետև...
Պյոտր Սոլոմոնիչը մի վայրկյան կանգ առավ: Տիկինը նրա փոխարեն շարունակեց.
— Որտվհետև ես խաբեբա եմ, չէ՞, անամոթ եմ, անպատկառ, այնպես չէ՞: Դուք ասում եք, թե խոսում են. ի՞նչ են խոսում... Ինձ բամբասում են, այնպես չէ, այսինքն, — պարզ խոսիր էլի, ինչո՞ւ ես թաքցնում, — ասում են, որ ես լավ կնիկ չեմ, հավատարիմ չեմ: Դա ինձ համար նորություն չէ: Մի զարմանաք, մի վեր թռչեք, հանգիստ նստեցեք ու լսեցեք:
Եվ տիկինը շարունակեց հանդարտ հոգով, սառն կերպով, տրամաբանորեն «բացատրել»: Այո , մարդկանց բամբասանքը նոր բան չէ նրա համար: Բայց ի՞նչ է կարծում Պյոտր Սոլոմոնիչը, չպիտի խոսեն, չպիտի բամբասեն: Ո չ, ընդհակառակը, զարմանալի կլիներ, եթե չբամբասեին: Թող լավ մտածի Պյոտր Սոլոմոնիչը և կտեսնի, որ աշխարհի երեսին ոչ մի կնոջ այնքան լավ չէ սազում զրպարտությունը, որքան նրա կնոջը: Ուրիշ բանի մասին չէ ասում տիկինը, կարելի է Պյոտր Սոլոմոնիչը շատ խելոք է, շատ կրթված է: Բայց տարի՞քը, տեր աստված, տարի՞քը: Ինչո՞ւ է Պյոտր Սոլոմոնիչը վրդովվում, խոմ նրա ծերությունը թաքցնելու բան չէ: ինչպես և թաքցնելու բան չէ նրա կնոջ երիտասարդությունը և գեղեցկությունը: Ի՞նչ կմտածի Պյոտր Սոլոմոնիչը, եթե ինքը մի այդպիսի զույգ տեսնի մի տեղ: Նա իսկույն կասի, «երևի, հայր ու աղջիկ են»: Իսկ եթե իմանա, որ մարդ ու կնիկ են, կասի, «ծնողները խեղճ աղջկան փողի համար ծախել են այդ պառավին»: Հիմա, բան է, մի օր մի հանդիսում, թատրոնում կամ հենց փողոցում Պյոտր Սոլոմոնիչը պառավ մարդու ջահել կնկան տեսնի մի երիտասարդի հետ, չի մտածիվ, թե կնիկը անխիղճ է, նա ողորմելի ծերունուն դավաճանում է:
— Չէ՞իք ասիլ, օօ՛օ, այնպես կասեիք, որ... Ղա հերիք չէ, դուք այն ժամանակ էլ կբամբասեիք, եթե այդ պառավ մարդու ջահել կնոջը տեսնեիք յուր ամենամոտիկ ջահել, գեղեցիկ, կրթված, խելոք, սրախոս ազգականի հետ...
Следующая страница |